ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Սահմանադրության ու պետական խորհրդանշանների տոնն այս տարի Հայաստանում կնշվի տոնական քայլերթերով։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` արդարադատության նախարարության առաջարկով։
«Տոնակատարության շրջանակներում միմյանց կողք կողքի քայլող, եռագույն դրոշը ծածանող, եռագույն շապիկը կրող անհատները՝ պետական խորհրդանշանների շուրջ համախմբված խմբերը, միասնականության, պետականության շուրջ համախմբված և զարգացումն ապահովող ապագա անհատներն են։ Մեծաքանակ քայլերթները վերաարժևորում և միասնականության ուժն են հաղորդում մասնակիցներին, բարձրացնում հայրենասիրական ոգին»,– ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
Տոնական քայլերթին կմասնակցեն 4000-6000 պատանիներ և երիտասարդներ։
Տոնական միջոցառման անցկացման համար նախարարության բյուջեից կտրամադրվի շուրջ 9,9 մլն դրամ։
Հիշեցնենք՝ Հայաստանը նշում է Սահմանադրության օրը հուլիսի 5-ին:
1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:
Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: