ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մակար Ղամբարյանն ու Ալեքսանդր Սիրունյանը հաշտության համաձայնություն են կնքել: Ըստ թիվ ԵԴ/3508/02/20 քաղաքացիական գործով դատարանի վճռով հաստատված հաշտության` Ալեքսանդր Սիրունյանի կողմից նախկինում համացանցում և «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության հետ 24.10.2019թ-ի հարցազրույցի ընթացքում հրապարակված՝ պաշտպանության փոխնարարի կողմից 220.000$ գումար յուրացնելու, ռազմամթերքի ձեռքբերման մրցույթը ուղղորդելու և իր պաշտոնեական դիրքից օգտվելու և անօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ տվյալները չեն վերաբերել Մակար Ղամբարյանին, նրա պատվին ու արժանապատվությանը և Ալեքսանդր Սիրունյանը Մակար Ղամբարյանի անձը վիրավորելու ու զրպարտելու դիտավորություն չի ունեցել:
Կողմերը դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ հաստատել են, որ նշված հանգամանքների վերաբերյալ քրեական գործերը կարճվել են, և կողմերը դրանց հետ կապված միմյանց նկատմամբ պահանջ չունեն:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը դեռևս 2020 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում էր ներկայացրել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դեմ՝ պահանջելով փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել 09.10.2019թ. և 02.11.2019թ. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարված գրառումներով, ինչպես նաև 24.10.2019թ. «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության կայքէջի՝ «ՊՆ-ն է տապալել տենդերը. փաստաբանը՝ ձախողված հայ-ռուսական գործարքի մասին» վերնագրով հարցազրույցում հրապարակված՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև պատասխանող Ալեքսանդր Սիրունյանից հօգուտ Մակար Ղամբարյանի բռնագանձել 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ փոխհատուցում: Միաժամանակ խնդրել է պատասխանողից բռնագանձել 1 200 000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ :