ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ–ն պետք է պարզեցնի նոր անդամներին ընդունելու գործընթացը, որպեսզի արագացնի դաշինքին Ուկրաինայի անդամակցումը։ Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
«Ակնհայտ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին անդամակցելու գործողությունների որևէ ծրագիր չունեին, և կարծում եմ, որ դա բավական արդար հարց է առաջացնում` արդյոք մենք պետք է Վիլնյուսում պարզապես բաց թողնենք այդ ընթացակարգերն ու հայտարարենք, որ այլ պայմաններից ելնելով` Ուկրաինան պետք է դաշինքին անդամակցելու հնարավորություն ունենա։ Ի վերջո նրանք Եվրոպայի ամենափորձառու ցամաքային զորքերն ունեն, և, հավանաբար, այն Եվրոպայի ամենալավ զինված երկրներից մեկն է։ Կարծում եմ, որ մենք պետք է հրաժարվենք անդամակցության գործողությունների պլանից», – կանադացի իր գործընկեր Անիտա Անանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ուոլեսը։
Ուոլեսը վստահ է, որ դաշինքը պետք է համախմբված դիրքորոշում զբաղեցնի և շարժվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու ուղղությամբ։ Նա հիշեցրել է նաև, որ իր երկիրն այդ առումով հետևողականորեն հանդես է գալիս Կիևին նման հնարավորություն տալու օգտին`Բուխարեստի գագաթնաժողովի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։