Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Ղուրանն այրելու ակցիայի ֆոնին

Մարոկկոյի դրոշը
Մարոկկոյում Շվեդիայի գործերի հավատարմատարին կանչել են ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիայի կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Ստոկհոլմում Ղուրանի այրման ակցիայի ֆոնին։ Այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ-ի կայքը։
«Դեսպանը անորոշ ժամանակով հետ է կանչվել թագավորություն խորհրդակցությունների համար»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մարոկկոյում Շվեդիայի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոք և անհանդուրժողականություն են հայտնել այդ «անթույլատրելի գործողության» վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է հունիսի 28-ին` Կուրբան բայրամ տոնի առաջին օրը, Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ղուրանի այրման բողոքի ակցիան: Վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնը հայտարարել էր, որ ոստիկանության որոշումը «օրինական է, բայց անտեղի»։
Նույն օրը ակցիան կայացել է. տղամարդը Ղուրանից էջեր է պոկել, դրանով սրբել կոշիկները, ապա գրքի մեջ բեկոն է դրել ու այրել: