ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մենախցում, միայն փաստաբանի հետ տեսակցելու հնարավորություն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Աշոտյանի պահման պայմաններին։
«Արմենը շատ պինդ է, ուժեղ ու վճռական և իր պայքարից ոչ մի քայլ հետ չի անելու։ Այս ապօրինի կալանավորումն էլ քաղաքական պայքարի մի ձև է։ Մեզնից յուրաքանչյուրը 2018 թվականից պատրաստ էր, որ լինելու են քաղաքական բռնաճնշումներ»,–ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` Աշոտյանը մենախցում հետևում է քաղաքական անցուդարձին, գրքեր է կարդում, հոդվածներ գրում։ Նրա հետ կապ են հաստատում փաստաբանի միջոցով։ Ընդհանուր առմամբ պահման պայմանները նորմալ են, սնունդը` նույնպես, և ամեն ինչ օրենքով սահմանված կարգով իրականացվում է։
«Բայց եթե Նիկոլ Փաշինյանը և այս իշխանությունը հնարավորություն ունենային, Աշոտյանին ոչ թե Նուբարաշեն, այլ Մագադանի բանտ կուղարկեին։ Ակնհայտ է, որ սա փոքր մարդկանց վրեժխնդրություն է, կալանավորումը Արմենին չի սպանելու, այլ ավելի ուժեղ է դարձնելու»,– Շարմազանովը։
ՀՀԿ–ական գործիչը նաև անդրադարձավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այսօրվա հայտարարությանը։ Լրագրողները ՄԻՊ–ին հարցրել էին` Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ։ Նա պատասխանել էր, որ քաղբանտարկյալ լինելու համար պարտադիր է ոչ միայն այն հանգամանքը, որ անձը քաղաքականությամբ զբաղվի, այլև նրա դեմ նախաձեռնված քրեական վարույթը լինի բացառապես նրա` քաղաքականությամբ զբաղվելու պատճառով։
«Ինքը չասաց, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, բայց նաև չասաց, որ քաղբանտարկյալ չէ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած ՄԻՊ–ը չի հերքում, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, արդեն կարելի է դրական համարել։ Եթե Աշոտյանը քաղբանտարկյալ չէ, ո՞վ է քաղբանտարկյալ։ Ակնհայտ է, որ նրա կալանավորումը տեղի է ունեցել քաղաքական գործունեության արդյունքում»,– ընդգծեց Շարմազանովը։
Հիշեցնենք` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվեց։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Աշոտյանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մերձավորների միջոցով առաջարկել և փորձել է հարցաքննության ուղարկել իր ընտրած փաստաբաններին, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու հարցաքննությունների բովանդակությանը՝ իր հետագա գործողությունները ծրագրելու նպատակով։
Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Քաղաքական գործչի նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։