ՀՀ նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը` Կարեն Հունանյանին

Կարեն Հունանյանը «Հոկտեմբեր 27»-ի գործով ցմահ դատապարտվածներից մեկն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մերժել է ՀՀ վարչապետի առաջարկը` ներում շնորհել «Հոկտեմբեր 27»-ի գործով ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։ Այս մասին հրամանագիրի քաղվածքը ներկայացված է ՀՀ արդարադատության նախարարության կայքում։
Նշենք, որ Կարեն Հունանյանը նույն գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի եղբայրն է։
Նշենք, որ Սահմանադրության 135–րդ հոդվածի և «Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1 մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ներում շնորհել ևս 17 բանտարկյալի։ Նախագահը ներում է շնորհել նրանցից 2–ին միայն։
Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հոկտեմբեր 27-ի հետաքննությունը շարունակվում է. ԱԱԾ-ն՝ Նաիրի Հունանյանի նամակի մասին
Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։
Դատարանի որոշմամբ` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։