Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացումը քաղաքական որոշում է պահանջում. ԵՄ

ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ
Այս համատեքստում ԵՄ շարունակում է խրախուսել Հայաստանին` ակտիվորեն ներգրավվել երկկողմ մակարդակով քննարկումներին ԵՄ անդամ պետությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Չնայած մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները բավարար չափով կատարված են, սակայն հարցը պահանջում է նաև քաղաքական որոշում։ Այս մասին հայտնել են ԵՄ ներկայացուցիչները` հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ
Ընդունված համատեղ հաղորդագրության մեջ նաև ասված է, որ այս համատեքստում ԵՄ շարունակում է խրախուսել Հայաստանին` ակտիվորեն ներգրավվել երկկողմ մակարդակով քննարկումներին ԵՄ անդամ պետությունների հետ։
Ըստ հաղորդագրության` գործընկերները քննարկել են նաև տարածաշրջանային դինամիկան և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ընթանում է գնալով ավելի բարդացող անվտանգային իրավիճակի համատեքստում:
«Հայկական կողմը ներկայացրել է վերջին տեղեկությունները Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Երկուստեք մտահոգություններ են արտահայտվել հնարավոր հումանիտար ճգնաժամի ռիսկերի կապակցությամբ: Հայաստանը և Եվրոպական միությունը ողջունել են Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը»,– նշված է համատեղ հաղորդագրության մեջ:
Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել վերանայելու մաքսային ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Եվրոպական միությունն ընդգծել է մաքսային ոլորտում համագործակցելու կարևորությունը՝ ՌԴ դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները Հայաստանի տարածքի միջոցով շրջանցելու փորձերը կանխելու նպատակով:
Քննարկվել է նաև բարեփոխումները զբաղվածության և սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտում։ Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի կողմից Կրթության համապարփակ ռազմավարության ընդունումը, որն ընդգրկում է կրթության ամբողջ սպեկտրը, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:
ՀՀ-ԵՄ գործընկերության հանդիպումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը:
ԵՄ պատժամիջոցների ցանկում հայաստանյան ընկերություն է հայտնվել
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին և հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերը:
Ըստ համաձայնագրերի՝ ԵՄ-ը պարտավորվում է ՀՀ քաղաքացիներին հեշտացված կարգով տրամադրել ԵՄ մուտքի արտոնագիր, իսկ հայկական կողմն էլ պարտավորվում է նույնականացնել և հետ ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք խախտում են ԵՄ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու պայմանները: Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի վերացնում վիզայի պարտավորությունը, սակայն համարվում է առաջին քայլ ԵՄ երկրներ մուտք գործելու արտոնագրի պահանջի վերացման ճանապարհին: