Հացահատիկի և ձեթի արտահանման արգելքը երկարացվել է ևս 6 ամսով

Սահմանված արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված ապրանքների վերաարտահանման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդուված որոշմամբ 6 ամսով երկարացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման արգելքը։
Որոշումը, գործադրի հիմնավորմամբ, ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։
Բանն այն է, որ նշված ապրանքների ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Սահմանված արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված ապրանքների վերաարտահանման վրա։
Հիշեցնենք` արգելքը սահմանվել է կառավարության` 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ` 6 ամիս ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի հուլիսի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը` հուլիսի 2-ից մինչև հունվարի 2-ը։