ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի մասնակիցները կարգավորել են մաքսային հայտարարագրման և վերահսկողության հարցերի միասնական մոտեցումները: Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Միջոցառման ընթացքում համաձայնեցվել են բոլոր մաքսային ծառայությունների կողմից օրակարգ բերված 20 հարցերի վերաբերյալ գործողությունները։ Կարգավորվել են մաքսային հայտարարագրման և մաքսային հսկողության իրականացման, մաքսային հայտարարագրերի լրացման, ապրանքների դասակարգման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ կապված միասնական մոտեցումները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նիստի ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը, որոնք հաջորդ տարվանից օգտագործվելու են ԵԱՏՄ ամբողջ տարածքում:
Կոլեգիայի նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քարտուղարության և մաքսային օրենսդրության դեպարտամենտի ղեկավարությունը: