ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Բրազիլական «Կոմերսիալ» ֆուտբոլային ակումբի սան, հենակետային կիսապաշտպան Բրունո Ֆեյխո Բոգոսյանը պայմանագիր է կնքել հայկական Bucket Group գործակալության հետ։ Տեղեկությունը հայտնում է Vahesport.ru սպորտային կայքը։
Նշենք, որ Bucket Group գործակալությունը զբաղվում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանի, Վարազդատ Հարոյանի, նախկինում` նաև Տիգրան Բարսեղյանի տրանսֆերներով։
«Ներկայում 18-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Բրազիլիայի մինչև 20 տարեկանների առաջնությունում «Կոմերսիալ» ակումբի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում արդեն մասնակցել է 8 հանդիպման»,– գրում է կայքը։
Bucket Group-ի հետ պայմանագիր կնքելը կարող է նշանակել, որ 18-ամյա ֆուտբոլիստը շուտով կարող է տեղափոխվել Եվրոպա, հնարավոր է` նույնիսկ Հայաստան: