Ավտոմեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարացվում է ևս 6 ամսով

Արխիվային լուսանկար
Քանի որ առանց չեզոքացուցիչի մեքենաները Հայաստան արգելված է ներմուծել՝ մեր երկրում մեծ տարածում է գտել մեքենաներից կատալիզատորը հանելու պրակտիկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը կերկարացվի մինչև տարեվեջ։
Կառավարությունը գործող արգելքը ևս 6 ամսով երկարացնելու որոշում է կյացրել։
Արգելքի անհրաժեշտությունը հիմնավորվում է հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու և կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված որոշմամբ սահմանվող արգելքի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 25-ին։ Նոր որոշումը կգործի մինչև դեկտեմբերի 25-ը։
Քանի որ առանց չեզոքացուցիչի մեքենաները Հայաստան արգելված է ներմուծել, մեր երկրում մեծ տարածում է գտել մեքենաներից կատալիզատորը հանելու պրակտիկան։ Կատալիզատորը մեքենայից հանելու և վաճառելու պատճառը դրանում առկա թանկարժեք մետաղներն են։
Խնդիրը լուծելու համար կառավարությունը ոչ միայն արտահանման արգելք է սահմանել, այլև 2024 թվականի հունվարի 1-ից սկսած արգելել է առանց կատալիզատորի ավտոմեքնաների տեխնիկական զննություն անցնել։