ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի –Sputnik. Քաղբանտարկյալ լինելու համար պարտադիր է ոչ միայն այն հանգամանքը, որ անձը քաղաքականությամբ զբաղվի, այլև նրա դեմ նախաձեռնված քրեական վարույթը լինի բացառապես նրա` քաղաքականությամբ զբաղվելու պատճառով։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` պատասխանելով հարցին` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ։
«Հայաստանում ունենք մի շարք վարույթներ, որտեղ առկա են և այդ գործով անցնում են անձինք, որոնք զբաղվում են նաև քաղաքական գործունեությամբ։ Դա դեռ չի նշանակում, որ նրանք քաղբանտարկյալներ են, բայց սա նշանակում է, որ մենք այս գործերի հետ կապված պետք է շատ ուշադիր լինենք։ Պետությունը, իրավասու մարմինները պետք է շատ ուշադիր լինեն առաջին հերթին այն հանգամանքին, որ եթե այս գործով անցնող անձը, ըստ էության, իրավական տեսանկյունից որևէ արարք կատարել է, բայց նրա հետ հավասար այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էլ են դատապարտելի այլ արարքներ կատարել, նույնպես պատասխանատվության ենթարկվեն։ Կարևոր է, որ այս հավասարությունը պահպանվի»,– ասաց Մանասյանը։
Նրա խոսքով` երբ Արմեն Աշոտյանը կալանավորվեց, ինքը Վիեննայում գործուղման էր, սակայն իր հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ընդդիմադիր գործչին։ ՀՀԿ փոխնախագահը պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել, նրա հիմնական մտահոգությունները վերաբերել են գործի հանգամանքներին, քննությանը, ինչպես նաև խափանման միջոցին։
Ըստ Մանասյանի` մտահոգություններն արձանագրվել են, անընդհատ կապի մեջ են եղել նաև Աշոտյանի փաստաբանի հետ, պարզաբանումներ ստանալու համար համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։ Մարդու իրավունքների պաշտպանը վերջնական եզրահանգում կունենա միայն պետական մարմիններից պարզաբանում ստանալուց և դա Աշոտյանի մտահոգությունների հետ համադրելուց հետո։ Մանասյանը վստահեցրեց` դրանից հետո կորոշեն իրենց հետագա գործողությունները ՄԻՊ մանդատի շրջանակներում։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է վերջին շրջանում կալանքը որպես խափանման միջոց նման մեծ ծավալով կիրառվում, պաշտպանը նշեց` Հայաստանում կալանք խափանման միջոցի կիրառումը մշտապես մտահոգիչ է եղել եվրոպական չափանիշների տեսանկյունից։ Նրա խոսքով` սա ոչ միայն վերջին տարիներին է վերաբերում, այլ ընդհանրապես, պարբերաբար բարեփոխումներ եղել են, սակայն համակարգային խնդիր է։
Հիշեցնենք` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվեց։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Աշոտյանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մերձավորների միջոցով առաջարկել և փորձել է հարցաքննության ուղարկել իր ընտրած փաստաբաններին, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու հարցաքննությունների բովանդակությանը՝ իր հետագա գործողությունները ծրագրելու նպատակով։
Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Քաղաքական գործչի նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։