ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ադրբեջանական զինուժն այսօր երկրորդ անգամ խախտել է հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
Հիշեցնենք` հունիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։