Վահան Քերոբյանը ՌԴ–ում կմասնակցի «Իննոպրոմ-2023» արդյունաբերական ցուցահանդեսին

Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Եկատերինբուրգ քաղաք, որտեղ կմասնակցի միջազգային «Իննոպրոմ-2023» արդյունաբերական ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի հուլիսի 10-ից 13-ը։
Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ։
Կահավորված ազգային տաղավարը ընկերություններին կտրամադրվի անվճար։
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները կարող են մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղումով։