Տուրքի չափը ծիծաղելի է, գործունեությունը` ապօրինի. մասնագետը` օնլայն տաքսիների մասին

Տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է, որ ամենահամեստ հաշվարկներով՝ ՀՀ–ում օնլայն տաքսի ծառայություն մատուցող 3 ընկերությունները միասին օրական 120 մլն դրամ եկամուտ են ստանում։
Sputnik
Օնլայն տաքսի ծառայությունների համար կառավարության առաջարկած տարեկան 1 մլն դրամ տուրքը Տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը «ծիծաղելի» է որակում` հաշվի առնելով դրանց իրական եկամուտի չափը։
Սահակյանի խոսքով` ամենահամեստ հաշվարկներով ՀՀ–ում օնլայն տաքսի ծառայություն մատուցող 3 ընկերությունները (Yandex, GG, U–տաքսի) միասին օրական 120 մլն դրամ եկամուտ են ստանում, բայց հարկվելու են տարեկան ընդամենը 1–ական մլն դրամով։
«Պատկերացնում եք` մարդը օրական աշխատի 120 մլն դրամ, և տարեկան վճարի 3 մլն դրամ։ Իրականում այդ օնլայն տաքսի ծառայությունները առևտրային կազմակերպություններ են` առևտուր են անում։ Գնում են մեզանից պատվերը և վաճառում են գնորդին, հետևաբար, որպես առևտրային կազմակերպություն, պետք է հարկվեն նույն օրենքներով ու հարկատեսակներով, ինչ մնացած բոլոր առևտրային ծառայությունները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սահակյանը։
120 մլն–ը, Վահագն Սահակյանի հաշվարկով, ստացվում է այն դեպքում, եթե ընդունենք, որ Հայաստանում գործող տաքսիների քանակը 30 000 է և դրանցից յուրաքանչյուրն օրական 20 000 դրամի շրջանառություն ունի, որից 20 տոկոսը (4000 դրամը) վճարվում է օնլայն ծառայություն իրականացնող ընկերությանը։
Բայց այս հաշվարկը, մեր զրուցակցի խոսքով, չափազանց նվազեցված է, իրականում թվերը կրկնակի ավելի են։
«Նախարարությունում քննարկումներից մեկի ժամանակ Yandex ընկերության տնօրենը հայտարարեց, որ օնլայն ոլորտում գործում է 55 000 տաքսի։ Դա 2019թ–ի սկիզբն էր։ Այսօր դրանց քանակն ավելի շատ է։ Եթե գոնե համարենք 60 000, որոնք գոնե 20 000 դրամի շրջանառություն ապահովեն, դա օրական 1 մլրդ դրամից էլ ավելի է»,– ասաց Սահակյանը։
«Զվարթնոցից» տաքսիները փոխադրումներ են արել առանց լիցենզիայի և տարբերանշանի
Բացի այդ, նրա դիտարկմամբ, տաքսի ծառայությունները որևէ հավելյալ ծախս չեն իրականցնում։ Մեկ անգամ ստեղծում են էլեկտրոնային հավելված ու դրա շնորհիվ յուրաքանչյուր տաքսի ավտոմեքենայից ամեն օր ստանում են դրանց եկամտի 20 տոկոսը։
Հարկային խնդրից բացի, մեր զրուցակիցը նաև օրենքի հետ կապված խնդիրներ է բարձրացնում։
Բանն այն է, որ օրենքի տեսակետից Հայաստանում օնլայն տաքսի հասկացություն ընդհանրապես գոյություն չունի, հետևաբար այդ դաշտում գործող բոլոր տաքսիներն անօրինական են։
«Օրենքով տաքսին այն թեթև մարդատար ավտոմեքենան է, որը վարձավճարի դիմաց օրինական ուղևորափոխադրում է իրականացնում։ Բայց այդ` օրենքների շարք գոյություն ունի, որի համաձայն, տաքսին պետք է ունենա լիցենզիա»,– արձանագրում է փորձագետն ու հիշեցնում` օնլայն հարթակում աշխատող ոչ մի տաքսու վարորդ լիցենզիա չունի։ Իսկ դա նաև անվտանգւթյան լուրջ հարց է։
Եթե լիցենզիա ստանալու համար վարորդը նախկինում նարկոփորձաքննության էր ենթարկվում, այսօր, ըստ Սահակյանի, հայտնի չէ, թե ով է նստած ավտոմեքենայի ղեկին և ինչ վիճակում է գտնվում պատվերն իրականացնելու պահին։
Բացի այդ, ՀՀ երթևեկության օրենքներով վարորդին արգելվում է օգտվել հեռախոսից, մինչդեռ տաքսու վարորդն ավտոմեքենան վարելու ողջ ընթացքում աշխատում է հեռախոսով, ինչը օրենքի խախտում է։
Տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը նաև հիշեցնում է` բազմաթիվ հրապարակումների համաձայն` Yandex ընկերությունը իր բաժնետոմսերը 100 տոկոսով վաճառել է Ադրբեջանին։ Բայց ընկերությունը շարունակում է լայն թափով աշխատել ՀՀ տարածքում` անարգել մուտք ունենալոով ՀՀ քաղաքացիների, այդ թվում` պաշտոնյաների հեռախոսային հավելվածներ։
Տաքսիների սակագները կբարձրանա՞ն. մասնագետը կարծում է` օրենքի փոփոխությունը փափուկ բարձ է
«Այս պարագայում ես ընդհանրապես չեմ հասկանում այդ ընկերության այստեղ գործելը»,– նշում է մեր զրուցակիցը։
Իսկ ինչ վերաբերում է տաքսի ծառայությունների վերահսկելի գներին, դրանք, Վահագն Սահակյանի գնահատմամբ, ոլորտի մոնոպոլ ու անգամ օլիգոպոլ լինելու հետևանք են։
Տարիներ առաջ հենց Yandex ընկերության դեմպինգային քաղաքականության արդյունքում էր, որ հայաստանյան շուկայից վերացան լիցենզավորված տաքսի ընիկերությունները, փողոցներից էլ` դեղին պետհամարանիշներով, պետության կողմից գրանցված ու վերահսկվող տաքսիները։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունն առաջարկում է 2024 թվականի սեպտեմբերից տուրք սահմանել օնլայն հարթակով տաքսիների համար։
Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել էր նախագիծը` հայտնելով, որ օնլայն տաքսիների համար նախատեսվում է սահմանել տարեկան 1 մլն դրամի տուրք։