ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում է անընդունելի, բայց, այնուամենայնիվ, վարչապետի` հունիսի 27-ի ելույթից հետո, որոշել է որոշ պարզաբանումներ ներկայացնել։ Գասպարյանը ծավալուն հայտարարություն է տարածել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հայտնած տեղեկություններին։
ԳՇ նախկին պետի խոսքով` 2020 թվականի հուլիսի 4-ին զինված ուժերի գլխավոր շտաբում վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է զեկույց` ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
Մասնավորապես, ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական քայլեր՝ պատերազմը կանխելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈւ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Առաջարկել է հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված ՀԱՊԿ երկրների, հատկապես՝ ՌԴ–ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելուն, օգտագործել սփյուռքի ներուժը` աշխարհի առաջատար երկրներում թուրքական ու ադրբեջանական համայնքների հակահայկական սադրանքները չեզոքացնելու համար և այլն։
Գասպարյանի հավաստմամբ` հուլիսի 10-ին ազգային անվտանգության խորհրդի նիստում վարչապետին զեկուցել է սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, շեշտել, որ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար։
Արդեն օգոստոսի երկրորդ կեսին ԱԽ նիստի ընթացքում վարչապետին զեկուցել է, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», ընդգծել, որ առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը։ ԳՇ նախկին պետն ասել է նաև, որ թույլ են հետախուզական մարմինները։
«ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ»,– հայտարարության մեջ նշում է Օնիկ Գասպարյանը։
Նա առաջարկել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները և այլն։
ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել են նաև գեոստացիոնար ուղեծրում արբանյակ ունենալու կամ վարձակալելու մասին կետը։
Զեկուցել է նաև տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրների մասին, նշել, որ խնդիրներ են առկա նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով։
Շեշտել է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացման կարևորությունը, ասել, որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չի բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս՝ գիշերային պայմաններում մարտ վարելուն։
Անդրադարձել է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերին, ասել, որ անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա պահեստներ:
Ըստ ԳՇ նախկին պետի` հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես հարցրել է իրեն, թե ինչ կարիքներ ունի բանակը։ Գասպարյանը նշել է, որ դրանք ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում։ «Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չէր կարող լուծվել»,– ներկայացնում է Օնիկ Գասպարյանը։