Պատերազմը չի ավարտվել. «ՀայաՔվեն» հայտարարություն է տարածել

«ՀայաՔվեն» ՀՀ իշխանություններից պահանջում է կատարել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականությունն ու անգործությունն Արցախի պաշտպանության հարցում դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ «ՀայաՔվեն» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության իր այս հիմնարար կետերից մեկը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։
«Պատերազմը չի ավարտվել»,– նշված է ՀայաՔվեի հայտարարության մեջ` մատնանշելով Արցախում հրադադարի խախտման վերջին դեպքը, որի արդյունքում հայկական կողմը զոհեր ունեցավ։
«ՀայաՔվեի» հայտարարության մեջ նաև ասված է, որ Հայաստանը պետք է կատարի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները, իսկ հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը Արցախն ազատ և անկախ տեսնելու հարցում։
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։