Փամբուխչյանը հունիսի 30-ից կազատվի նախարարի պաշտոնից. ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը

Արմեն Փամբուխչյան
Պաշտոնը լքելուց հետո Արմեն Փամբուխչյանը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Երևանի ավագանու ընտրություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը հունիսի 30-ից կազատվի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից: Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Արմեն Փամբուխչյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,– նշված է հրամանագրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրա լիազորությունները` որպես նախարար, ավարտվում են հունիսի 30–ին, քանի որ ԱԻ նախարարությունը լուծարվում է։ Փրկարար ծառայությունն արդեն իսկ ընդգրկվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում։
Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ Փամբուխչյանը Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: