Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման մեջ ՌԴ դերը կասկածի ենթակա չէ. Զախարովա

Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ 44-օրյա պատերազմի հանձնաժողովի հետաքննությունը Հայաստանի ներքին գործն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությունը կասկածի ենթակա չէ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։ Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը հաստատել են այն: Եվ այդ հարցի շուրջ համապատասխան կոնսենսուս է ձեռք բերվել», - նշել է Զախարովան։
Մեր վերաբերմունքը բացասական է. ՌԴ ԱԳՆ–ն` Անկարայի և Բաքվի օդային միասնական համակարգի մասին
Նա կրկին նշել է, որ 44-օրյա պատերազմի հարցով հանձնաժողովի հետաքննությունը Հայաստանի ներքին գործն է։ Եվ բոլոր հարցերը, որոնք տրվել են ՀՀ վարչապետին, վերաբերում են ներքին բանավեճերին, ճշմարտությունը գտնելու փորձերին։
«Եթե Ռուսաստանի ինչ-որ չար դիտավորություն կա, դե դա չարից է, կեղծ ուղերձ, մաքուր ջրի ապատեղեկատվություն», - ասել է Զախարովան:
Այդ բոլոր փորձերին, նրա խոսքով, կարելի է պատասխանել Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրություններով փաստաթղթից մեջբերումով։
«Հենց Ռուսաստանն ու ՌԴ նախագահն են կանգնեցրել արյունահեղությունը, իսկ Ղարաբաղ մտցված ռուս խաղաղապահներն ապահովում են հրադադարի ռեժիմը», - նշել է Զախարովան:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստի ընթացքում մանրամասն ներկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցությունները պատերազմի օրերին: