ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Պարամուշիր կղզում մասնագետներն այսօր մոխրի արտանետում են արձանագրել Էբեկո հրաբխի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սախալինի մարզի ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
«Հունիսի 28-ին Սախալինի մարզի ՌԴ ԱԻՆ ԳՎ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել հրաբխային ժայթքումների օպերատիվ արձագանքման խմբից առ այն, որ Էբեկո հրաբխի վրա ծովի մակարդակից 3 կմ բարձրությամբ մախրի արտանետում է տեղի ունեցել», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրաբխի հետքը տարածվել է հյուսիսարևելյան ուղղությամբ ավելի քան 5 կմ։
Դիսպետչերների տվյալներով` Սևերո–Կուրիլսկում մոխրի տեղում չի նկատվել, ծծմբաջրածնի հոտ չի զգացվել։ Բնակչության կենսագործունեությանը ոչինչ չի սպառնում։
1156 մետր բարձրությամբ Էբեկո հրաբուխը գտնվում է Պարամուշիր կղզում՝ Սևերո-Կուրիլսկից յոթ կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Վերնադսկիի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Այնտեղ կանոնավոր արտանետումները (մեղմից մինչև չափավոր) շարունակվում են 2016 թվականի հոկտեմբերի 20-ից, ինչը հրաբխի համար նորմալ գործունեություն է։ Ռեկորդային արտանետումը գրանցվել է 2018 թվականի օգոստոսի 31-ին։ Այն ժամանակ հրաբխի նոր խառնարանից, որը գոյացել է 2017 թվականին, ծխի սյունը ժայթքել է 6 կմ բարձրությամբ։