Կարմիր խաչն Արցախից 14 բուժառու է Հայաստան տեղափոխել ուղեկցողների հետ միասին

Օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ կվերադարձնեն Հայաստանում բուժված 18 մարդու` ուղեկցողների հետ միասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 28-ին, ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 18 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ` բուժում ստանալու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 25 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել էին Ադրբեջանի կողմից:
Հունիսի 25–ին վերականգնվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ: