ՀԿԵ–ն ավելացրել է Հայաստանից Վրաստան ուղերթերի հաճախականությունը. Մելնիկով

Ալեքսեյ Մելնիկով
Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղևորների թվի աճ է նկատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն ավելացրել է Հայաստանից Վրաստան ուղերթերի հաճախականությունը։ Այսուհետ ուղևորատար գնացքները շաբաթական երկու անգամվա փոխարեն կմեկնեն օրումեջ։
Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
«Այս տարի մենք նորամուծություն ունենք` մենք պայմանավորվել ենք գործընկերների հետ, վրացական կողմի հետ, որ ուղևորատար գնացքը մեկնելու է օրը մեջ, դա ավելի շատ է, քան նախորդ տարի, երբ շաբաթական երկու անգամ էր մեկնում։ Արդեն հիմա մենք բավական մեծ արձագանք ենք ստանում մեր ուղևորներից։ Ուղևորների թիվն ավելի մեծ է, քան նախորդ տարի», – ասաց Մելնիկովը։
Նա հիշեցրեց, որ 2022 թվականին ընկերության շարժակազմերը ավելի քան կես միլիոն ուղևոր է տեղափոխել. 58 հազարը միջազգային փոխադրումներն են, 450 հազարը` Հայաստանի տարածքով։
Ուղևորների համար հարմարություն ապահովելուն միտված մեկ այլ նորամուծություն դարձավ Երևան–Սևան–Շորժա–Երևան երթուղու առաջին կանգառի տեղափոխումը «Ալմաստ» կառամատույցից Երևանի կենտրոնական կայարան։
Մելնիկովը պարզաբանեց, որ ուղևորներից բազմաթիվ հարցումներ էին եղել, քանի որ մինչև «Ալմաստ» դեռ հասնել է պետք, իսկ երևանյան կայարանը գտնվում է քաղաքի կենտրոնում։
«Ամառային ուղևորատար փոխադրումները մեկնարկել են, ու բարեհաջող։ Միայն այսօր Հայաստանից Վրաստան միջազգային գնացքն արդեն ավելի քան 200 ուղևոր է տեղափոխել», – ասաց նա։
Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը կշարժվի «Երևան» կայարանից
Մելնիկովը նշեց, որ երկաթուղում անվտանգության հարցը շատ կարևոր է`անդրադառնալով երկաթուղային տրանսպորտի աշխատանքին օտար անձանց միջամտության փաստերին ու դրանց պատճառով՝ անցումներում տեղի ունեցող ՃՏՊ–ներին, այդ թվում նաև այն անցումներում, որոնք կահավորված են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով։
«Վթարներ են տեղի ունենում նույնիսկ վերահսկվող անցումներում, ցավոք, վարորդների մեղքով, մենք նվազեցնում ենք այդ միտումը, և ՆԳՆ–ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է նվազեցնել պատահարների քանակը», – ասաց Մելնիկովը։
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ ուղևորների քանակը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9%-ով՝ կազմելով 193.5 հազար։