ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն մտադիր չէ կրճատել աշխատակիցների թիվը պարբերական գնդակոծությունների հետ կապված Սոթքի հանքավայրում առաջացած դժվարությունների պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ GeoPromining Gold ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի շահագործումը բաց եղանակով, ինչի հետ կապված դադարեցվել է նաև «Զոդ» կայարանից «Արարատ» կայարան ոսկու հանքաքարի տեղափոխումը։
«GeoProMining–ի մեր գործընկերների հետ ոսկու հանքաքար ենք տեղափոխել և տեղափոխում «Սոթք» կայարանից «Արարատ» կայարան։ Մի շարք օբյեկտիվ պատճառներով այս տարվա մայիս ամսից տվյալ փոխադրումները դադարեցվել են։ Մեզ համար դա բավական լուրջ խնդիր է, մենք խնդիր ենք դնում պահպանել կոլեկտիվը, մենք չենք կրճատում աշխատակիցներին դրա պատճառով։ Ստիպված էինք որոշակի միջոցներ ձեռնարկել՝ ոչ լիարժեք զբաղվածության ռեժիմի հետ կապված», – բացատրեց Մելնիկովը։
Նրա խոսքով` կոլեկտիվի մի մասը, որը սպասարկում է «Սոթք» հատվածը (շուրջ 60 աշխատակից 3000–ից) 2/3 դրույքի է անցել։ Ոմանց առաջարկվել է Երևան տեղափոխվել։ Ոմանք համաձայնել են, մյուսները շարունակում են մնալ ոչ լիարժեք զբաղվածության ռեժիմում։
Մելնիկովն ընդգծեց, որ ոսկու հանքաքարի տեղափոխմանը բաժին էր ընկնում բեռի ընդհանուր ծավալի 48%–ը։ Կանխատեսումների համաձայն` տարեկան կտրվածքով բացասական բյուջե է լինելու, ընկերությունը վնասներով է աշխատելու։ Այդ պատճառով ՀԿԵ–ն քայլեր է ձեռնարկում բեռնափոխադրումներն ավելացնելու ուղղությամբ։ ՀԿԵ–ի գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվում են` ավտոմոբիլային տրանսպորտից որոշ բեռներ երկաթուղայինի տեղափոխելու համար։
Նա նշեց, որ այս տարի բավական լավ ցուցանիշներ են գրանցվել արդյունաբերական ոլորտի գործընկերների հետ աշխատանքում` «Արարատ Ցեմենտ», «Հրազդան Ցեմենտ». շինարարության աճի ֆոնին նրանց մոտ ավելացել են ցեմենտի ծավալները։
«Մենք մեզնից կախված ամեն բան անում ենք, որպեսզի ապահովենք բեռների տեղափոխումը ցեմենտի արտադրության համար։ Այս տարի սերտ համագործակցում ենք «Ալեքս Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչների հետ հացահատիկի և շաքարավազի տեղափոխման հարցում և հույս ունենք, որ այդ տեսակի բեռի դեռ բավական մեծ ծավալ կտեղափոխենք», – ասաց Մելնիկովը։
Ընկերությունը նաև լրացուցիչ ծավալների բեռներ է փնտրում` կապված մետաղի հետ։ Դրական կողմերից է Հայաստանի և ԵՄ երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացումը, ինչի հաշվին աճել են բեռնարկղային բեռնափոխադրումները, որոնց մի մասը երկաթուղով է անցնում։ Մելնիկովը պարզաբանեց, որ դա լրացուցիչ ծավալ է, որը թույլ է տալիս ընկերությանը լրացնել կորցրած եկամուտները։
Բացի այդ, ներկա պահին քննարկումներ են գնում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ` կապված մեծ ծավալների ուղևորափոխադրումների սուբսիդավորման հետ։