ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Համաշխարհային բանկը Թուրքիային 1 մլրդ դոլար կտրամադրի փետրվարյան երկրաշարժերից տուժած շրջանները վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է Star թերթը։
«Համաշխարհային բանկը հավանության է արժանացրել 1 մլրդ դոլարի չափով Թուրքիային ֆինանսավորել երկրաշարժից տուժած շրջաններում բնակարանների և հիմնական կոմունալ ծառայությունների վերականգնմանն ուղղված ծախսերի համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարությունը նախատեսում է այս տարվա հոկտեմբեր–նոյեմբերին շահագործման հանձնել տներ բնական աղետից տուժած շրջանների բնակիչների համար։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։