ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերը հայ բռնցքամարտիկների համար հաջող չէին։ Մեր մարզիկները մրցելույթներն ավարտեցին առանց մեդալի։
71 կգ քաշային կարգում Գուրգեն Մադոյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը չկարողացան հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը:
Մադոյանը 1:4 հաշվով պարտվեց Սերբիայի ներկայացուցիչ Վալիդ Աբասովին, իսկ Դավիթ Չալոյանը՝ բրիտանացի Ջաստի Դելիկիուս Օրիային:
Եվրոպական խաղերում հանդես եկած հայաստանցի 7 բռնցքամարտիկներից ոչ մեկին չհաջողվեց օլիմպիական վարկանիշ վաստակել։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականին, որը Կրակովում ոչ մի հաղթանակ չտոնեց։
Հիշեցնենք` Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին ներկայացել է 57 մարզիկով։ Նրանք մասնակցում են խաղերի ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերից 9-ի՝ ատլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի և սուսերամարտի մրցումներին:
Եվրոպական 3-րդ խաղերը մեկնարկել են հունիսի 21–ին, կտևեն մինչև հուլիսի 2-ը: