«Երկիր մեդիան» հունիսի 29-ից կվերադառնա հանրապետական եթեր

Հանրային մուլտիպլեքսում սլոթի հաջորդ մրցույթի փաթեթների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 24–ին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Երկիր մեդիան»հունիսի 29-ի կեսգիշերին կլինի հանրապետական եթերում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։
««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել ապրիլին, մենք արդեն իրավունք ունենք նույն սլոթի վրա, այսինքն` ձեր հեռուստացույցի 7-րդ ալիքով, հեռարձակվել մինչև տվյալ սլոթի համար նոր մրցույթի հայտարարումն ու հաղթողի ճանաչումը»,– նշեց Եսայանը։
Հանրային մուլտիպլեքսում սլոթի հաջորդ մրցույթի փաթեթների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 24–ն է, իսկ հաղթողը հայտնի կդառնա աշնանը։ Մրցույթին կմասնակցի նաև «Երկիր մեդիան»։
Այժմ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հեռարձակվում է կաբելային ցանցով։
Նշենք, որ փետրվարի 18–ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դրամահավաք էր սկսել տեխնիկապես վերազինման համար, որպեսզի կարողանան մասնակցել հանրային մուլտիպլեքսում սլոթի հաջորդ մրցույթին։
«Ամեն գնով ուզում են «Երկիր մեդիային» հանրապետական ծածկույթ չտրամադրել». ինչ է ասում ՀՌՀ-ն
2022-ի դեկտեմբերի 2-ին հանրային մուլտիպլեքսում սլոթի մրցույթում «Երկիր Մեդիան» ու «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» լիցենզիա չստացան։ Մրցույթում հաղթող ճանաչվեցին «Արմենիա թի-վի»-ն, «Ա-թիվի» և «Շանթ» ընկերությունները, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի»-ն, որոնք զբաղեցնում են հանրապետական մուլտիպլեքս ծածկույթի սլոթը։