Դավիթ Գալստյանն ազատ կարձակվի 40 միլիոն դրամ գրավի դիմաց

Դավիթ Գալստյան
Գործարարը ձերբակալվել էր 2021թ–ի սեպտեմբերի 30-ին առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն», ազատ կարձակվի գրավի դիմաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել իմ պաշտպանյալին»,– հայտնեց Հարությունյանը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 4-ին` ժամը 16:00-ին։
Նշենք, որ Դավիթ Գալստյանն արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահն է։ Մայիսի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ՝ նրա կալանքը ևս մեկ ամսով երկարաձգվել էր։
Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում:
Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։
2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։
2023 թվականի հունվարին նա կրկին կալանավորվեց ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: