Արևմուտքի միջնորդությունը չպետք է հակառուսական ուղղվածություն ունենա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները:
«Ռուսական կողմի համար կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը ամուր և կայուն լինի։ Պատմության և նորագույն պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ մեծ թվով ձևական պայմանավորվածություններ են կնքվել, հետո դրանք չեն իրականացվել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ», - ասել է Զախարովան։
Պայմանագիրը, նրա խոսքով, պետք է ապահովի Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռությունը։
«Եվ դրան կարելի է հասնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի ճանապարհային քարտեզի հետևողական կատարման հիման վրա։ Իսկ ճանապարհային քարտեզը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններն են», - նշել է Զախարովան։
Եթե անհրաժեշտություն լինի, ապա հնարավոր է գործընթացին աջակցել` հենվելով ՄԱԿ-ի որոշման վրա։ Զախարովան նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությունը։
«Իսկ ինչ վերաբերում է արևմտյան երկրների միջնորդական ջանքերին (ինչի մասին խոսակցությունները քիչ չեն ու, չգիտես ինչու, խոսվում է որպես այլընտրանք), ապա տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ նախանձախնդիր մրցակցություն է ընթանում Մոսկվայի հետ՝ այդ ամբողջ օրակարգը վերաձևակերպելու և իր ձեռքը վերցնելու համար։ Տպավորություն է, թե Արևմուտքին չեն հուզում Հայաստանն ու Ադրբեջանը, նրանց խաղաղ գոյակցությունը, կարևորը Մոսկվային հակառակ անելն է,պատմության մեջ մտնելը։ Դե, հնարավորության դեպքում` ազդեցության լծակներ ստեղծելը», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Անդրկովկասում խաղաղություն հաստատելու Արևմուտքի փորձերը կարող են կենսունակ լինել միայն այն դեպքում, երբհակառուսական ուղղվածություն չունենան և չմրցակցեն Մոսկվայի ջանքերի հետ:
Նշենք, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և շարունակելու է աջակցել այդ գործում։