ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։
Մոտավորապես նույն ժամին Գիշի գյուղի բնակիչ Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։
Ադրբեջանական կողմը հրաձգային զենքերով անկանոն կրակ է արձակել նրա ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հիշեցնենք` հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ։