Զինված ապստամբություններից հետո միշտ և ամենուր նույն բանն է տեղի է ունենում՝ քաոս և քաղաքացիական պատերազմ: Կրեմլում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ահա թե ինչ եք դուք կանխել։ Ահա թե որն էր ձեր դերը: Եվ դրա համար ես` որպես գերագույն գլխավոր հրամանատար, շնորհակալություն եմ հայտնում ձեզ»,- ասել է նա։
Պուտինի խոսքով` եթե «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից սկսված ապստամբությունը չկասեցվեր, հայտնի չէ, թե ինչ կլիներ երկրի հետ, իսկ ռազմական հատուկ գործողության ընթացքում ունեցած ձեռքբերումները կկորչեին, բայց զինծառայողները նման բան թույլ չտվեցին։
ՌԴ պաշտպանության նախարարության զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Պուտինը հիշեցրել է, որ այսօր Կրեմլի Սոբորնայա հրապարակում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի, ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և շնորհակալություն է հայտնել նրանց զինված ապստամբությունը հետ մղելու համար:
«Երկրում քաոսն անխուսափելի կլիներ, և հակառակորդը, իհարկե, կօգտվեր դրանից։ Նա արդեն փորձում է դա անել։ Բայց ոչինչ չի ստացվում։ Հուսով եմ, որ չի էլ ստացվի։ Նույնիսկ վստահ եմ դրանում։ Բայց հաստատ է, որ կօգտվեին»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հայտնել է, որ ամեն ինչ կարվի «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության զինված ապստամբության փորձի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու համար:
Միաժամանակ ՌԴ նախագահը բարձր է գնահատել այդ կազմակերպության մարտիկների արժանիքները:
«Ինչ վերաբերում է «Վագներ» խմբին, դուք գիտեք, որ մենք միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել այդ խմբի մարտիկներին և հրամանատարներին, քանի որ նրանք իսկապես արիություն և հերոսություն են ցուցաբերել», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք` հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը Դոնի Ռոստովում գրավեցին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը հերքեց և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ հարուցվեց։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակեց հանցավոր արկածախնդրություն, հարված թիկունքից և դավաճանություն։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ «Վագների» ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։
Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։