Ըմբշամարտի Մ20 ԵԱ–ում Վիգեն Նազարյանն արծաթ է նվաճել. նա գոտեմարտում էր վրացի ըմբիշի հետ

Վիգեն Նազարյան. Արխիվային լուսանկար
Նազարյանը մինչ եզրափակիչ հասնելը հաղթել է հունգարացի, մոլդովացի և շվեդ մրցակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանն արծաթ է նվաճել։
87 կգ քաշային կարգում հանդես եկող Վիգեն Նազարյանը եզրափակիչում վրացի Աչիկո Բոլկվաձեի հետ գոտեմարտի առաջին մրցափուլից հետո զիջում էր 0։5 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Վիգենը կարողացավ հետ բերել միայն 4 միավոր ու 4։5 հաշվով դարձավ ԵԱ արծաթե մեդալակիր։
Մինչև եզրափակիչ հասնելը Վիգեն Նազարյանը 9։0 հաշվով հաղթել էր հունգարացի Լևենտե Սժոկոլին, ապա նույն հաշվով պարտության մատնել մոլդովացի Քրիստիան Ռուսուին։ Կիսաեզրափակիչում էլ 3։1 հաշվով պարտության է մատնել Շվեդիան ներկայացնող Համզա Սերտչանլիին։
Վաղը եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Սուրեն Աղաջանյանը, որը 60 կգ քաշային կարգում վրացի Անրի Խոզռեվանիձեի հետ ոսկե մեդալի համար կպայքարի, իսկ Գասպար Տերտերյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին մասնակցում է 10 մարզիկով` Հոմերոս Առաքելյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Յուրիկ Հովեյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Վահե Հովհաննիսյան (77 կգ), Ռուբեն Գևորգյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արշակ Գեղամյան (97 կգ), Արամայիս Հարությունյան (130 կգ):
Առաջնությունը անցկացվում է հունիսի 26-ից հուլիսի 2-ը: