ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է հացահատիկային գործարքին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ–ին։
Նշվում է, որ գլխավոր քարտուղարը զանգահարել է Ֆիդանին, որպեսզի շնորհավորի պաշտոնին նշանակվելու առիթով։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ստամբուլյան «հացահատիկային գործարքին» և Սիրիայի համար մարդասիրական օգնությանն առնչվող հարցերին», – հայտնել են Թուրքիայի ԱԳՆ–ից։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել էր, որ Ռուսաստանը գործը տանում է նրան, որ հուլիսի 18-ը հացահատիկային գործարքի գործողության վերջին օրը լինի։ ՄԱԿ–ն ավելի վաղ հորդորել էր չեղարկել բոլոր սահմանափակումները սևծովյան նախաձեռնության ժամկետը երկարացնելու համար։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է։ Երկրորդ մասը ՝ Ռուսաստան - ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է պարենի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT - ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերականգնում, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես նշում են Մոսկվայում, փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։