Շուտով Telegram–ում հասանելի կդառնա Stories գործառույթը. Պավել Դուրով

Սմարթֆոնով աղջիկ
Օգտատերերը կկարողանան ընտրել, թե ով կարող է դիտել իրենց Stories-ները` հրապարակայինից մինչև ընտրված օգտատերեր: Հնարավոր կլինի նաև ընտրել, թե որքան ժամանակ հետո Stories-ը անհասանելի կդառնա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հուլիսին Telegram մեսենջերում հասանելի կդառնա Stories գործառույթը։ Այս մասին հայտնել է հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը։

«Տարիներ շարունակ մեր օգտատերերը մեզ խնդրում էին Telegram-ում հասանելի դարձնել Stories գործառույթը: Սկզբում մենք դեմ էինք, քանի որ Stories-ն արդեն ամենուր է։ Այնուամենայնիվ, Telegram-ը Telegram չէր լինի, եթե մենք չլսեինք մեր օգտատերերին և գոյություն ունեցող ձևաչափերում նորարարություններ չներդնեինք: Այսպիսով` շուտով մենք կգործարկենք Stories-ը»,- գրել է Դուրովը Telegram-յան ալիքում։

Օգտատերերը կկարողանան ընտրել, թե ով կարող է դիտել իրենց Stories-ները` հրապարակայինից մինչև ընտրված օգտատերեր: Հնարավոր կլինի նաև ընտրել, թե որքան ժամանակ հետո Stories-ը անհասանելի կդառնա` 6, 12, 24 կամ 48 ժամից:
Stories-ում կլինեն լուսանկարներ և տեսանյութեր խմբագրելու գործիքներ, ենթագրեր և դրանցում այլ մարդկանց նշելու (tag) հնարավորություն: Մեսենջերում հնարավոր կլինի հրապարակել միաժամանակ սմարթֆոնի առջևի և հիմնական տեսախցիկներով արված լուսանկարներ և տեսանյութեր։
Դուրովի խոսքով` Stories-ի փորձարկումն արդեն ավարտվում է, և արդեն հուլիսի սկզբին նոր գործառույթը հասանելի կլինի օգտատերերին։
Instagram-ն առաջինն էր, որը գործարկեց Stories ձևաչափը: Հետո դրանք հայտնվեցին YouTube-ում, TikTok-ում, ВКонтакте -ում և այլն: Սակայն հունիսի 26-ից YouTube-ը հրաժարվեց այս ֆունկցիայից` խոստանալով, որ նոր գործիքներ և հնարավորություններ կներդրվեն։
SputnikPro. Ինչպե՞ս ստեղծել Telegram-ալիք, զարգացնել այն և հաջողակ դարձնել