Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային լինել պատերազմում. Փաշինյան

Պատերազմից հետո Շուշի տանող ճանապարհին ընկած զենք
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հիշեցին, որ Շուշին նույն արժեքը ուներ նաև արցախյան առաջին պատերազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ինչքան էլ ծանր էր դրությունը, Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային կետ դառնալ պատերազմի համար։ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շուշին էական դերակատարում ունի այստեղ, դա ապացուցելի բան չէ, բայց դա գնահատականի հարց է։ Շուշին, այնուամենայնիվ, Լաչինի միջանցքի պռնկին է և Ստեփանակերտի վրա, ռազմավարական նշանակությունը հասկանալի է»,– ասաց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ պատերազմը Ադրբեջանի տրամաբանությամբ չէր կարող դադարել, քանի դեռ Շուշին հայկական վերահսկողության ներքո էր։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմում նույնպես Շուշին նույն արժեքը ուներ, և քաղաքի ազատագրումից հետո իրավիճակը դեպի հրադադար արագ զարգացում ստացավ։
Ինչպե՞ս չգտնվեց 5000 զինվոր, որ պահեր Շուշին. Փաշինյանը կխոսի դռնփակ ռեժիմով
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։