Ռուսաստանն ու Չինաստանն ամբողջ աշխարհում կայունության հուսալի հենարան են դարձել. Գաո Սյան

Գաո Սյանը նշել է, որ Չինաստանը և Ռուսաստանը հաջողությամբ ճանապարհ են հարթել փոխադարձ ռազմավարական վստահության, բարիդրացիության, բարեկամության և փոխանակումների համար՝ մեծ տերությունների հարաբերությունների նոր մոդել ստեղծելով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսաստանը և Չինաստանը ստեղծել են խոշոր տերությունների փոխհարաբերությունների նոր մոդել և ամբողջ աշխարհում կայունության հուսալի հենարան են դարձել։ Այսօր այս մասին հայտարարել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Գաո Սյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Աշխարհը հարյուրամյակի ընթացքում աննախադեպ փոփոխությունների է ենթարկվում, խորանում է խաղաղության, զարգացման, անվտանգության ու կառավարման դեֆիցիտը, միահյուսվում են տարբեր կարճաժամկետ խնդիրներն ու երկարաժամկետ հակասությունները, աշխարհը ծայրահեղ անհանգիստ է», - նշել է Գաո Սյանը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան և Չինաստան. համագործակցություն նոր դարաշրջանում» ութերորդ միջազգային խորհրդաժողովում:
Նրա խոսքով՝ «բախվելով Անկայուն և փոփոխվող աշխարհին՝ չին-ռուսական հարաբերությունները պահպանում են առողջ և կայուն զարգացումը՝ ավելի շատ որոշակիություն և կայունություն բերելով քաոսային միջազգային իրավիճակին»:
«Պատմական պրակտիկան ցույց է տվել, որ չին-ռուսական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը ոչ միայն ժողովուրդների ձգտումն է, այլև ընդհանուր միտում»,-նշել է նա:
ԱՄՆ–ն նպատակ ունի այլ երկրներին Ռուսաստանի և Չինաստանի հետ դիմակայության դրդել. Շոյգու
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները վեր են ռազմական և քաղաքական միություններից, ինչպես նաև «զրոյական գումարով խաղի» ոգով հնացած մտածողությունից, Մոսկվան և Պեկինը սահմանել են դաշինքներին չմիանալու, առճակատման և երրորդ երկրների դեմ ուղղվածության բացակայության սկզբունքները՝ «դառնալով խաղաղության և կայունության հուսալի հենարան ամբողջ աշխարհում»: