ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կոլումբիացի փոփ–աստղ Շակիրան խոստովանել է, որ իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի դավաճանությունների մասին իմացել է ԶԼՄ–ներից, երբ իր հայրը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով People en Espanol պարբերականը։
12 տարվա հարաբերություններից հետո Շակիրան Պիկեից բաժանման մասին հայտարարել էր անցած տարվա հունիսին։ ԶԼՄ–ի տվյալներով՝ դա տեղի է ունեցել Պիկեի դավաճանությունների պատճառով։ Նոյեմբերին Պիկեն լքել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն ու ավարտել է իր կարիերան։
«Ես մամուլից եմ իմացել, որ ինձ դավաճանել են, այն էլ այն ժամանակ, երբ հայրս վերակենդանացման բաժանմունքում էր։ Ես կարծում էի, որ չեմ դիմանա։ Մարդ, որին ես իմ կյանքում ամենից շատ էի սիրում` իմ հայրը, լքում էր ինձ, երբ ես այդքան նրա կարիքն ունեի։ Ես չէի կարողանում խոսել նրա հետ կամ խորհուրդ հարցնել իմ ամենալավ ընկերոջից։ Նրա կազդուրումը շատ երկար տևեց և բարդ, բայց նա հրաշալի մարդ է բոլորիս համար ու զարմացնում է իր ուժով։ Իմ հայրը ամրության մեծագույն օրինակ է»,– ասել է Շակիրան։
Պիկեն ու Շակիրան 2011 թվականից միասին էին, բայց չէին օրինականացրել իրենց ամուսնությունը։ Նրանք 2 երեխա ունեն։