Փաշինյանը չի հիշում, թե ում հիմնավորմամբ են կրճատվել 1-ին բանակային կորպուսի զորամասերը

Նիկոլ Փաշինյան
Վարչապետի խոսքով` տարբեր որոշումներ կայացնելիս որպես փաստարկ ներկայացվել է նաև հնարավոր պատերազմի ժամանակ բանակի մարտունակության ու շարժունակության ապահովումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հիշում, թե ում առաջարկով և հիմնավորմամբ են 2019-2020թթ. կրճատվել առաջին բանակային կորպուսի զորամասերը, նաև ռադիոլեկտրոնային պայքարի զորամասերն ու ստորաբաժանումները։ Նա այս մասին ասաց Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում։
«Ես չեմ կարող հիշել, ինչքան տեղյակ եմ կամ ճիշտ եմ հիշում` վարչապետի ու կառավարության լիազորության հարց չեն։ Բայց ես հետո եմ լսել ու իմացել, որ նման որոշում կայացվել է, որ ունեցել է որոշակի հիմնավորում, որի հետ ոչ բոլորն են համաձայն եղել,– ասաց Փաշինյանն ու հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին,– դա կառավարությա՞ն տիրույթի որոշում է»։
Քոչարյանը պատասխանեց` ո՛չ, բայց քանի որ կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարց է, պետք է այդ մասին վարչապետը տեղեկացված լիներ կամ Անվտանգության խորհրդում քննարկվեր։
«Դա լրացուցիչ ճշտելու հարց է»,– նշեց Փաշինյանը։
Հանձնաժողովի նիստում նաև հարց հնչեց, թե ինչպես և ինչ հիմնավորումներով ստեղծվեցին ՀՀ ԶՈւ դեսանտագրոհային 4 գումարտակները, որոնք տեղակայված էին 3-րդ, 4-րդ, 5-րդ բանակային կորպուսներում և Դրմբոնում։
Փաշինյանը նշեց` եթե թեման ճիշտ է հասկանում, ապա դա ևս «ամեն ինչ բանակի համար»–ի շրջանակներում է` բանակը հիմնավորել է` սա պետք է անել, արվել է։
Նա հավելեց, որ սպառազինությունների ձեռքբերման, տարբեր զորատեսակների կրճատման և ավելացման հետ կապված հիմնավորումները զինված ուժերի ղեկավարությունը ներկայացրել է` որպես փաստարկ հաշվի առնելով նաև հնարավոր պատերազմը և բանակի շարժունակությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։