Մովսես Հակոբյանն ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով. Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` ԱԺ քննիչ հանձնաժողով չգալը չի բխում ո՛չ երկրի, ո՛չ էլ տվյալ պաշտոնյաների շահերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Մովսես Հակոբյանն ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա ու ներկայանա ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով։ Այս հայտարարությունն արել է հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` նիստի փակ մասի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ ասել էր` պատերազմի ժամանակ ռազմական վերահսկողության վարչության պետ Մովսես Հակոբյանն իր աշխատավայրում գտնվելու փոխարեն բունկերում է եղել։
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների` Մովսես Հակոբյանը բավականին կոպիտ է արձագանքել Փաշինյանի այդ հայտարարությանը։
«Կարծում եմ` քննիչ հանձնաժողով չգալը չի բխում ո՛չ մեր երկրի, ո՛չ էլ տվյալ պաշտոնյաների` այդ ժամանակահատվածում պաշտոնավարելու ընթացքում հանրությունից տեղեկություններ թաքցնելու շահերից»,– ընդգծեց Քոչարյանը։
Անդրադառնալով հանձնաժողովի թե՛ բաց, թե՛ փակ մասերին` Քոչարյանը նշեց, որ պատերազմի հետ կապված բազմաթիվ տեղեկություններ չունենալը խոսում է այն մասին, որ մեր զինված ուժերում հսկայական անելիք կա։
«Ապագայում մեր ուժային կառույցների ռեֆորմը պետք է միտված լինի նրան, որ բանակը պետք է ձերբազատվի նման թերացումներից»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է 2020 թ. հուլիսյան դեպքերին, ապա Անդրանիկ Քոչարյանը կտրուկ փակեց թեման` միայն ասելով, որ փակ քննարկման ժամանակ այդ մասին ևս խոսվել է։
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որի հրապարակային և փակ հատվածներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների և հրավիրյալ անդամների հարցերին։