Լելե Թեփեն վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել. Փաշինյան

Լելե Թեփե
ՀՀ վարչապետն ասաց, որ անվերապահորեն վստահել է ԶՈւ ԳՇ պետին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Լելե Թեփեն վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել։ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ շահարկվում է, որ Փաշինյանն ասել է` Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն կորցրել է, պետք է գնալ, վերադարձնել... Այդպիսի թեմա չի էլ եղել, դա իրականության հետ ոչ մի կապ չունի»,– ասաց վարչապետը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց, որ Օնիկ Գասպարյանը հանձնաժողովի անցած նիստերի ժամանակ նույնպես ասել է, որ նման խոսակցություն չի եղել։

«Եթե չեմ սխալվում, ամսի 5-ին կամ 6-ին ես եղել եմ Ստեփանակերտում, եղել եմ ՊԲ հրամանատարական կետում, այդ ժամանակ արդեն 9–րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի էր ունեցել, այնտեղ էր նաև Արցախի քաղաքական ղեկավարությունը։ Ես ասացի` գործընկերներ, վիճակը վատ է, ի՞նչ առաջարկներ կան»,– պատմեց Փաշինյանը։

Նրա խոսքով` այդ ժամանակ ԼՂ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդես է եկել առաջարկությամբ, որ պետք է ճակատը վերականգնել։ Փաշինյանն այս հարցը պարզաբանելու համար դիմել է ԳՇ պետին։
«Ես օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում եղած մարդկանց վստահել եմ գրեթե անվերապահորեն, որովհետև եթե նրանք կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար դա վստահության ավանս է»,– ասաց Փաշինյանը։
ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ ասել է, որ ասվածի մեջ տրամաբանություն կա, ու հայտնել է իր կարծիքը, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք անձամբ պլան ձևավորի ու գնահատի դրա իրագործման հնարավորությունը։
«Երբ արդեն Երևանում էի, Օնիկ Գասպարյանն ասաց, որ այդ օպերացիան իրագործելու որոշում է կայացվել։ Նա ինձ ասաց, որ խոսել է Ջալալ Հարությունյանի հետ և հարցրել է` աչքդ ուտո՞ւմ է, ինչը նշանակում է իրատեսական ես համարում, թե ոչ, և ստացել է պատասխան` այո՛»,– ասաց նա։
«Ինձ երկար ժամանակ զեկուցում էին, որ ամեն ինչ լավ է գնում, և մի իքս պահի ասացին, որ երկու բրիգադներից մեկը չի կատարել խնդիրը և նույնիսկ մարտի չի բռնվել»,– պարզաբանեց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ այդ հարցով քրեական գործ կա հարուցված. և ամենևին փաստ չէ, որ դա չհիմնավորված կամ անիրատեսական հայտարարություն էր։
Նշենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից, որոնցից առաջինը վերաբերում է 2020թ հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020թ հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը (2021-ի փետրվարի 4-ին Ջալալ Հարությունյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ):