ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հակասություն չի տեսնում Շուշիի անկման և նոյեմբերի 9-ի իր հրապարակման միջև, որում նա նշել էր, թե Շուշիում մարտեր են ընթանում։ Նա այդ մասին ասաց այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում` պատասխանելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին։
«Նոյեմբերի 9-ի դրությամբ ամբողջ զինված ուժերում կար ավելի քան 117 հազար անձնակազմ, Դուք նշել եք, որ վաղուց տվել էիք բոլոր անհրաժեշտ հրամանները` պաշտպանել Շուշին։ Մարդկանց մոտ բնական հարց է առաջանում` ինչպե՞ս չգտնվեց 5000 մարդ, որ պահեր Շուշին»,– հարցրեց Քոչարյանը։
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ սա իր համար շատ ցավոտ թեմա է։ Հավելեց` Շուշիի հետ կապված հարցեր կան, ու հենց դրա համար էլ գործը դատարանում է։
«Հիմա չեմ հիշի` դա 10-ի երեկոն է եղել, 11-ի առավոտն է եղել, թե 12-ն է եղել, երբ ես անդրադարձել եմ, այո՛, ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք։ Ես հարցրել եմ` ինչո՞ւ, ստացել եմ պատասխան, որը պատրաստ եմ հրապարակել դռնփակ ռեժիմով։ Սկզբունքորեն դռնբաց էլ կարող եմ, բայց ճիշտ է դռնփակ»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։