ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ցանկանում է հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտով ներդրումներ ապահովել։ «Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը` պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» կլոր սեղան–քննարկման ժամանակ հայտարարեց ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 11–ին կառավարության որոշմամբ հաստատվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը մինչև 2035 թ–ն: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասել էր, որ ոլորտը մինչ այս երբեք ռազմավարություն չի ունեցել: Ռազմավարությամբ սահմանվել է 3 նպատակ՝ երկրաբանության միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում ու վարում, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների, մոտեցումների կիրառում:
«Ներդրումներ ներգրավելը կառավարության համար ինքնանպատակ չէ. պետք է այնպիսի միջավայր, որտեղ ստանդարտները լինեն հստակ ու բոլորի համար կանխատեսելի»–այսօրվա քննարկման ժամանակ ասաց փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
Ինչ վերաբերում է դոլար-դրամ փոխարժեքային տատանումներին, ապա, ըստ փոխնախարարի, այն իր ազդեցությունը ոլորտի վրա ունեցել է, սակայն կառավարությունը որևէ գործիքակազմ չունի իրավիճակը վերահսկելու համար։
«Իհարկե, կառավարությունը տարբեր տիպի աջակցություն ցուցաբերում է այս ոլորտին, ու հանքարդյունաբերողներն անուղղակի կարող են դրան մասնակից լինել։ Օրինակ` որևէ բան ներմուծելիս կարող են այն ձեռք բերել 0 տոկոս լիզինգով, քանի որ տոկոսագումարը կառավարությունը վերցնում է իր վրա։ Մենք կարծում ենք, որ դա ոլորտին նոր շունչ է բերում, նոր տեխնիկայով նաև նվազեցվում են բնապահպանական ռիսկերը»,– կարծում է փոխնախարարը։
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը դրական համարեց այն, որ ռազմավարության առաջնային փաստաթղթից շատ բաներ շտկվել են, ու հաշվի են առնվել բոլոր հանքարդյունաբերողների կարծիքները։
«Մեր ոլորտում իրավիճակը բարդացել է դոլար-դրամի տատանումների ֆոնին։ Քանի որ մենք հանքանյութի արտահանմամբ ենք զբաղվում, ՀՀ դրամի 20 տոկոս արժևորումը 20 տոկոսով ավելացրել է մեր ծախսերը։ ԱԺ-ում մեր քննարկումները ցույց տվեցին, որ պետությունն այդ հարցում չի կարող աջակցել մեզ, այդ իրողությունը պետք է ընդունենք»,– նշեց Ալոյանը։
Քննարկման մասնակից ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն իր հերթին նշեց, որ պետք է ձգտել ավելի շատ որակական ներդրողների ներգրավել, քանի որ իրենք իրենց հետ բերում են նոր ստանդարտներ, փորձ, որոնք հետո փայլուն արդյունքներ են ցույց տալիս։
«Կարծում եմ` պետք է սահմանել միջին ստանդարտ, որ բոլոր հանքարդյունահանողները համապատասխանեն դրան։ Ինչքան հստակ լինի չափանիշը, այնքան ավելի հեշտացվում է բոլորիս կյանքը։ Ռազմավարության մեջ նաև պետք է շատ շեշտադրումներ անել որակյալ ներդրողների մասին ու դրանցով առաջնորդվել ապագայում։ Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը ճիշտ կիրառելու դեպքում նաև լավ արդյունքներ կլինեն»,– ընդգծեց Ստեփանյանը։
Նշենք, որ ՀՀ-ում կա 44 մետաղական հանքավայր, որից ընդամենը 23-ն ունեն շահագործման լիցենզիա։ Նրանցից փաստացի աշխատում է 13-ը: Այս պահի դրությամբ աշխատում և գործունեություն են իրականացնում ընդամենը 7 մետաղական հանքավայր: