ՀՀ գլխավոր դատախազը համագործակցության հարցեր է քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ

ՀՀ գլխավոր դատախազը համագործակցության հարցեր է քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպոլի հետ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցութունը՝ այդ համատեքստում կարևորելով 2021 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպոլի միջև կնքված աշխատանքային պայմանավորվածության համաձայնագիրը՝ ուղղված ԵՄ անդամ երկրների և ՀՀ իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը։
Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ներկայացրել է դատախազության առաջնահերթություններն ու ողջունել համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հույս հայտնելով, որ դրանք կնսպաստեն հանցավորության դեմ արդյունավետ պայքարին հատկապես փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պատերազմական հանցագործությունների բացահայտման համատեքստում: