ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երասխ բնակավայրի վարչական ղեկավար Սարո Այվազյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Արարատի համայնքապետարանի մամուլի ծառայությունը։
Երասխ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնավարման իրավասութրունները դադարեցվել են աշխատանքային կարգապահական կանոնները խախտելու պատճառով։
«Նա աշխատանքային պարտականությունները անհարգելի պատճառով չի կատարել, վարչական ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել, պաշտոնական պարտականությունները վերազանցել է։ Հաշվի է առնվել նաև չմարված 2 կարգապահական տույժի առկայությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Տեղեկացնենք, որ Այվազյանի լիազորությունները դադարեցվել են հունիսի 24-ին։ Այդ ժամանակ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը հայտնել էր, որ պատճառն աշխատանքում թերություններն են, սակայն չէր հստակեցրել, թե ինչի մասին է խոսքը։ Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Սարո Այվազյանն ինքնուրույն է գործում, չի ենթարկվում Ավետիսյանի խոսքին։