ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղափար չի ունեցել, թե կամավոր պատերազմ մեկնած իր որդին` Աշոտը, որտեղ է եղել։ Նա այսօր այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում` պատասխանելով պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։ ՔՊ–ական պատգամավորը Փաշինյանին հարցրեց` որքանո՞վ էր ճիշտ ու նպատակահարմար, որ նրա որդին պատերազմի ամենաթեժ կետերից մեկում էր։
«Ես չեմ իմացել, թե որտեղ է իմ որդին, չեմ հետաքրքրվել։ Ու դրա համար ունեցել եմ մի պատճառ` որովհետև ես մտածել եմ` եթե հիմա հետաքրքրվեմ, թե իմ որդին որտեղ է, դա նշանակում է, որ մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում։ Ու ես գաղափար չեմ ունեցել, թե իմ որդին ուր է` տարել են, թիկունքային տեղ են պահում, առաջնագծում է, ուր է»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` ինքը միայն նոյեմբերի 9-ին է իմացել, թե որտեղ է եղել Աշոտը։ Նշեց, որ պատերազմական օրերի մասին մանրամասներով հետաքրքրվել է նրանից հետո, երբ անհետ կորածների, զոհվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ իրեն հարց են ուղղել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ իր որդին վերադարձավ։
Փաշինյանը կրկնեց այն պատմությունը, որը ներկայացրել էր վերջերս` խոսելով իր որդուն առևանգելու փորձի համար կալանավորված Գայանե Հակոբյանի մասին, մասնավորապես` ինչպես է հրետակոծության ժամանակ զոհվել որդու ծառայակից ընկերը, որի հետ «մարմիններով կիպ հպված են եղել հրետակոծության պահին խրամատում»։ Նրա խոսքով` եթե, օրինակ, դիպուկահար լիներ, դեռ ինչ–որ տեղ հնարավոր կլիներ պատկերացնել` ինչու իր որդին չի զոհվել, բայց այս դեպքում ինչպե՞ս բեկորը որոշեց։