Երևանի «Բան» ակումբում թմրամիջոցներ են հայտնաբերվել. մեկ կին է կալանավորվել

Արխիվային լուսանկար
Ակումբում եղել են հաբեր, սառը զենք, տարբեր փաթեթներ` թմրանյութի նմանվող զանգվածներովն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Բան» ակումբում և այնտեղ գտնվող անձի մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկանության ծառայողները հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը լռության կանոնները խախտելու մասին ահազանգ են ստացել, մտել «Բան» ակումբ, որտեղ կասկածելի վարքագծով մի խումբ երիտասարդների են տեսել։
«Սենյակներից մեկում էլ սեղանին պոլիէթիլենային տոպրակ է եղել թմրանյութի նմանվող զանգվածով, դա էլ դրված է եղել էլեկտրոնային կշեռքի վրա։ Սենյակում երիտասարդներից մեկի մոտ առկա է եղել ջրի մետաղյա սրվակ՝ թմրանյութի նմանվող զանգվածով: Ակումբում գտնվող 27 անձ, որոնք հանդիսացել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ, թմրանյութ պահելու և իրացնելու, ինչպես նաև սառը զենք կրելու կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ մի կնոջ մոտ՝ պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ զանգվածով»,– ասված է հաղորդագրությունում։
Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Բան» ակումբում կատարված զննությամբ ակումբի խոհանուցում էլ ոստիկանները հայտնաբերել են 14 հաբ՝ սպիտակ և վարդագույն երանգների, սենյակներից մեկում հայտնաբերվել է թվային փոքր կշեռք, մի քանի թափանցիկ փաթեթ՝ լցված սպիտակ կամ դեղնականաչավուն փոշենման զանգվածներով, «Զիպ» փականով պոլիէթլիենային չօգտագործված փաթեթներ և այլ իրեր։
2023 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 05։00-ին, ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալվել են ակումբից Ոստիկանություն բերված անձանցից 3-ը, մյուսներն ազատ են արձակվել։ Փորձագիտական նախնական եզրակացության համաձայն՝ առգրավված փաթեթներից որոշներում առկա զանգվածները հանդիսացել են ընդհանուր 1,95 գրամ քաշով «Մեթամֆետամին» և 5.87 գրամ հաստատուն քաշով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցներ։
«Կֆիլտրենք»․ Արփինե Հովհաննիսյանը` թմրանյութ օգտագործող ոստիկանների մասին
Հունիսի 25-ին բավարարվել է ձերբակալվածներից մեկի՝ ՌԴ քաղաքացու նկատմամբ (կին), դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձից իրացնելու նպատակով, ապօրինի առանձնապես խոշոր չափերով՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և ապօրինի պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունը։
Հունիսի 26-ին էլ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը ամբողջությամբ բավարարվել է, և վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ։
Ձերբակալված մյուս երկու անձինք ևս ազատ են արձակվել։