Երբ կստանան Ամուլսարի առաջին ոսկին, և որքան կբավականացնեն հանքի պաշարները

Ամուլսար
«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենը վստահ է, որ Ամուլսարի ծրագիրը կարճաժամկետ չի լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը շահագործում է Ամուլսարը, նախատեսում է այս տարի սկսել հանքի շահագործման աշխատանքները։ Այս մասին հայտարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը «Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը` պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» կլոր սեղան–քննարկման ժամանակ։
Նա նաև նշեց, որ այս պահին հանքի տարածքում իրականացնում են ինժեներական աշխատանքներ, քանի որ արդեն հինգ տարի է` ծրագիրը դադարեցված էր։

«2024 թվականին կունենանք մեր առաջին ոսկին։ 2018 թվականին աշխատանքների 70-80 տոկոսն իրականացվել էր, հիմա փորձում ենք գնահատել` առկա հանգույցները կկարողանան աշխատել, թե ոչ։ Լավ լուրն այն է, որ ունենք դրական պատասխան։ Զուգահեռ իրականացվում ե ֆինանսավորման աշխատանքներ»,– ասաց Ալոյանը։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք ստացել են Եվրասիական զարգացման բանկի պատվիրած փորձաքննության արդյունքները, Ալոյանը պատասխանեց, որ գործընթացը դեռ ընթանում է, ենթադրվում է, որ արդյունքներ կլինեն օգոստոսին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԶԲ–ն ցանկանում է բնապահպանական նոր փորձաքննության եզրակացության և տեխնիկական խորհրդատուի եզրակացության արդյունքներ ստանալ Ամուլսարի շահագործման համար։
Sputnik Արմենիան այս և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հունիսի 6–ին հարցում էր ուղարկել «Լիդիան Արմենիա» ընկերություն և ստացել պատասխան, որ նշված հարցերի վերաբերյալ առաջիկայում հայտարարությամբ են հանդես գալու։ Մեր հարցման մեջ մենք խնդրել էինք ներկայացնել նաև տվյալներ «Ըլայդ Գոլդ Քորփ.»–ի մասին, որի մտադիր է «Լիդիան Արմենիայի» հետ համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը։ Այս երկու ընկերությունների ներկայացուցիչները հունիսի 6–ին հանդիպել էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քննարկել Ամուլսարի համատեղ շահագործման ժամկետները։
Այսօր «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, հրապարակային պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, նշեց, որ «Ըլայդ Գոլդ Քորփ.»–ը իրականացնելու է հանքի կառուցումն ու շահագործումը։
«Այն միջազգային ընկերություն է, ունի գրասենյակ Ավստրալիայում, ԱՄԷ–ում, տարեկան 500 հազար ունցիա արտադրող ընկերություն է, այսինքն` մեծ փորձ ունի հանքարդյունահանության և հանքի շինարարության մեջ»,– ընդգծեց Ալոյանը։
Նա նշեց, որ «Ըլայդ գոլդ փրոդ.»–ը «Լիդիան Արմենիայի» խոշոր ներդրող «Orion Mine Finance»–ի դուստր ընկերություններից մեկն է, և ընտրել են հենց այդ կազմակերպության հետ համագործակցությունը, քանի որ այն փորձառու է, աշխատում է միջազգային չափանիշներով։
Ի դեպ, «Լիդիան Արմենիան» այս տարի ՀՀ կառավարության հետ հուշագիր է ստորագրել, որ իր կապիտալի 12.5 տոկոսը փոխանցում է պետությանը։ Ըստ Ալոյանի` այդ առաջարկը կառավարությանն իրենք վաղուց էին արել` հիմք ընդունելով տարբեր երկրներում առկա փորձը, երբ մեծ բիզնեսը համագործակցում է պետության հետ։
«Մեր առաջարկն ավելի համարձակ ձևակերպեցինք, երբ եղավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փորձը` բաժնետեր դարձնել պետությանը։ Արդյունքում մեր կապիտալի 12.5 տոկոսը հանձնեցինք ՀՀ–ին։ Մենք ինչ–որ յուրահատուկ ռիսկերի ապահովագրում պետությունից չենք ուզում, այլ միայն գործընկերային հարաբերություններ, ընկերության գործունեության շարունակականություն»,– նշեց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը։
Ալոյանը վստահ է, որ Ամուլսարի ծրագիրը կարճաժամկետ չի լինելու, քանի որ նրա պաշարները կարող են ձգվել մինչև 40 տարի։ Եվ նաև դա էր պատճառը, ըստ նրա, որ ցանկացան կառավարության հետ ունենալ ինստիտուցիոնալ հարաբերություններ։