Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ ականանետ է կիրառել

Արխիվային լուսանկար
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ, տեղեկացնում են Արցախի Պաշտպանական բանակի լրատվական ծառայությունից։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հրադադարի խախտումից հետո Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 27֊ի ժամը 20։05-ի սահմաններում նույն վերը նշված ուղղությամբ կրակ են բացել ԱՀ Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով իբր հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը։
Գերատեսչությունից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ֊ն հրադադարը հերթական անգամ խախտում է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել ԱՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
***
Ավելի ուշ ՊԲ-ն նոր հաղորդագրություն տարածեց հրադադարի հերթական խախտման մասին, նշելով, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական՝ Ճանկաթաղի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։