Ճամփորդություն ժամանակի միջով. «Սարերում» փառատոնը վերակենդանացրել էր սյունյաց իշխաններին

«Սարերում» փառատոնը Տաթևի վանքի մոտ
Երաժշտություն, պար, իմերսիվ ներկայացումներ և հետաքրքիր էքսկուրսիաներ... «Սարերում» փառատոնը Տաթևի տարածքում համախմբել էր ինչպես տեղացիներին, այնպես էլ այլ մարզերից ժամանած հայերին և աշխարհի տարբեր երկրներից եկած հյուրերին:
Sputnik
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Հանգստյան օրերին Սյունիքում կայացած «Սարերում» փառատոնի առանձնահատկությունը բազմազանությունն էր։ Ծավալուն միջոցառման հյուրերը կարող էին վայելել Միքայել Ոսկանյանի և նրա «Թառափ» տրիոյի նորարարական ստեղծագործությունները, պարել դիջեի ժամանակակից բիթերի կամ հայկական ֆոլկ-խմբերի հետ, մասնակցել իմերսիվ ներկայացումների, ինչպես նաև տարբեր վարպետության դասընթացների:
Բացի այդ, փառատոնի երկրորդ օրը կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Խնձորեսկ, որի ընթացքում զբոսաշրջիկները, անցնելով կիրճի վրայի հայտնի ճոճվող կամրջով, հայտնվել են քարանձավային քաղաքում, որտեղ դեռևս 60-70 տարի առաջ մարդիկ են ապրել:
Խնձորեսկի ճոճվող կամուրջը
Այսպիսով, փառատոնի աշխարհագրությունն էլ բավականին ընդարձակ էր. միջոցառումներն անցկացվում էին ինչպես «ՏաԹևերի» հարթակում, այնպես էլ 9-րդ դարի Տաթևի վանքի տարածքում, ուր հյուրերն ուղևորվում էին աշխարհի ամենաերկար երկկողմանի ճոպանուղով:
1 / 10

Տաթևի վանքը Սյունիքում

2 / 10

«ՏաԹևեր» ճոպանողին

3 / 10

Հուշանվերների վաճառք փառատոնի ընթացքում

4 / 10

Վարպետության դաս

5 / 10

Փառատոնի երաժշտական մասը

6 / 10

Ազգային պարեր փառատոնին

7 / 10

Տեղի բնակիչները հյուրասիրում են փառատոնի հյուրերին

8 / 10

«Սարերում» փառատոնը Սյունիքում

9 / 10

Փառատոնի հյուրերը

10 / 10

Տաթևը

«Զրույց» Սյունիքի պատմական դեմքերի հետ և ամպրոպ

Փառատոնի ամենահետաքրքիր «համարներից» մեկը Սյունիքի պատմության մասին պատմող իմերսիվ ներկայացումն էր, որը բեմադրվել էր անմիջապես վանքի տարածքում: Ըստ սյուժեի՝ Տաթև այցելած Երևանից երկու զբոսաշրջիկներ զրուցում են վանահոր հետ և նրան հարցեր են տալիս Սյունիքի նշանավոր դեմքերի` Գրիգոր Տաթևացու, Ստեփանոս Օրբելյանի և Գարեգին Նժդեհի մասին:
«Սարերում» փառատոնը Տաթևում
Նրանցից յուրաքանչյուրի մասին հարցնելուց հետո աղջիկները կարծես տեղափոխվում էին անցյալ և անմիջապես պատմական գործիչներից էին պատասխան ստանում: Ժամանակի ճանապարհորդության էֆեկտը ստացել էին պարի օգնությամբ։
«Սարերում» փառատոնը Սյունիքում
Ներկայացման մեկնարկից առաջ անձրև սկսվեց, սակայն ոչ մեկ նույնիսկ չէր մտածում պատսպարվելու մասին։ Հատկանշական է, հերոս Գարեգին Նժդեհի ելույթի ժամանակ հանկարծ ամպրոպ որոտաց` ասես հաստատելով իր ասածի ճշմարտությունը: Կազմակերպիչներն ակնհայտորեն նման ձայնարկությունների չէին սպասում։
Արտավազդ Գրիգորյանը Գարեգին Նժդեհի դերում
Ներկայացրումը բեմադրած դերասան, Կազանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր դերերը կատարել են Կապանի դրամատիկական թատրոնի արտիստները, իսկ Գարեգին Նժդեհին մարմնավորել է Արտավազդ Գրիգորյանը:
«Այս ներկայացումը կոչված է ևս մեկ անգամ հիշեցնելու մեր արժեքների մասին, ինչպես նաև այն մասին, որ մենք պետք է միշտ զգոն լինենք», - ասաց Անդրանիկ Խաչատրյանը:
Կապանի թատրոնի գեղարվեստական ղեկավար և դերասան Անդրանիկ Խաչատրյանը
Մեկ այլ իմերսիվ ներկայացում էր ընթրիքը, որին հյուրերից բացի մասնակցում էր նաև 13-րդ դարի հայ նշանավոր պատմաբան և քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի դերում հանդես եկող դերասանը: Ընթրիքի ընթացքում զրուցում էին պատմական թեմաներից։
Դերասանները «Սարերում» փառատոնին

Փառատոնի հյուրերի մասին

Հայերից բացի, «Սարերում» փառատոնին մասնակցելու էին եկել նաև սփյուռքի ներկայացուցիչներ և օտարերկրացիներ:
«Սարերում» փառատոնի հյուրերը
«Մենք եկել ենք Ֆրանսիայից։ Փառատոնի մասին իմացանք տեղի բնակչից Սյունիքում մեր քայլարշավի ժամանակ։ Եվ ահա հիմա այստեղ վայելում ենք հայկական երաժշտությունը», - ասաց Կայենը, որն իր ընկերուհու՝ Կամիի հետ նստած էր բեմի դիմացի մարգագետնում։ Բեմում ելույթ էր ունենում Միքայել Ոսկանյանը։ Կայենը հետաքրքրվեց երաժիշտով, քանի որ ուզում էր նրա ալբոմները ձեռք բերել։ Իսկ համերգից հետո նա և իր ընկերուհին ծանոթացան Միքայելի հետ։
Гости фестиваля "В горах" в Татеве
Եթե Ֆրանսիայից ժամանած հյուրերը պատահաբար էին փառատոնին հայտնվել, ապա Ռուսաստանից ժամանած զույգը հատուկ այս միջոցառման համար էր Երևանից Սյունիք եկել։ Ամուսիններն արդեն մեկ տարի է, ինչ ապրում են Հայաստանում և հայերեն են սովորում։
«Նման փառատոններն օգնում են ավելի լավ իմանալ երկրի մշակույթի և ավանդույթների մասին, շփվել տեղի բնակիչների հետ, ինչպես նաև ծանոթանալ այս կամ այն մարզի բնությանը։ Սյունիքի բնությունն ու լեռները հիասքանչ են։ Իսկ վաղը գնում ենք Խնձորեսկ», - պատմեց Տատյանան։
Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը նշում է, որ փառատոններն ակտիվացնում են համայնքը: Տեղական արտադրողները ներկայացնում են իրենց արտադրանքը, իսկ արվեստի և արհեստների գործիչները վարպետության դասեր են անցկացնում:
Անցյալ տարի բանակից վերադարձած տաթևցի Արշակը բողոքեց, որ գյուղում ժամանցի վայրեր չկան, ուստի երիտասարդները սիրով մասնակցում են տարբեր փառատոների, որոնք արդեն որերորդ տարին անընդմեջ անցկացվում են Սյունիքում:
«Սարերում» փառատոնը

Զբոսաշրջային հոսքի մասին

Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ «Սարերում» փառատոնին մասնակցել է նաև Ավստրիայի, Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի մեդիոլորտի ներկայացուցիչների երեք խումբ:
Տեսարան Տաթևի վանքի վերևից
«Լրագրողները, բլոգերներն ու ինֆլյուենսերները ճամփորդում են Հայաստանում, ինչպես նաև մասնակցում խոշոր իվենթների՝ երկրի մշակույթին և ավանդույթներին ավելի լավ ծանոթանալու համար։ Հետո հոդվածներ են գրում և հրապարակումներ անում Հայաստանի մասին», - ասաց Զբոսաշրջության կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը։
Զբոսաշրջության կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը
Նա նշեց, որ ԱՄԷ-ից զբոսաշրջային հոսքը զգալիորեն աճել է անցյալ տարի: Վերջին հինգ ամիսների ընթացքում առաջին անգամ ցուցանիշները գերազանցել են նախաքովիդային ցուցանիշները. հունվարից մայիս մեր երկիր է այցելել շուրջ 806 հազար զբոսաշրջիկ:
«Տաթևի վերածնունդ» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ 2010 թվականին «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկումից հետո դեպի Սյունիք զբոսաշրջային հոսքը տասնապատկվել է: Նրա խոսքով՝ եթե մինչև 2010 թվականը զբոսաշրջիկների թիվը մոտ հինգ հազար էր, այժմ՝ ավելի քան 150 հազար:
«Տաթևի վերածնունդ» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանը
«Սարերում» փառատոնն անցկացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Փառատոնի կազմակերպիչներն են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը, Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը, Impulse management company-ն և «ՏաԹևեր» ճոպանուղին: