ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում շնորհավորել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ խորհրդարանի ընտրությունում հաղթանակի առթիվ:
«Իմ ամենաջերմ շնորհավորանքները Կիրիակոս Միցոտակիսին՝ խորհրդարանի ընտրությունում վստահ հաղթանակի համար: Վստահ եմ, որ Հայաստան-Հունաստան համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համատեքստում, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակներում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հավելենք, որ Միցոտակիսին երկրորդ ժամկետով մնաց Հունաստանի վարչապետ։
Հունիսի 25–ին կայացած ընտրություններում Միցոտակիսի «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը հավաքել էր ձայների մոտ 40%-ը։ Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Արմատական ձախերի կոալիցիան», հավաքել է ձայների ավելի քան 17%-ը։
Հունաստանում երկու ամիս առաջ կրկին ընտրություններ էին։ Չնայած Միցոտակիսի կուսակցությունը հաղթել էր, խորհրդարանում չստացավ բավարար տեղեր կառավարություն ձևավորելու համար։
Այժմ Հունաստանում ուժի մեջ է մտել նոր ընտրական օրենսգիրքը, ըստ որի` հաղթող կուսակցությունը ստանում է խորհրդարանում հավելյալ տեղեր։