Նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել

Արամ Հարությունյան
Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2019-ի հունվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և 14 մլն դոլար կաշառքի գործով մյուս մեղադրյալների 3 տասնյակից ավելի գույքերի վրա արգելանք է դրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն` նշելով, որ կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Արգելադրվել են Ա. Հարությունյանին փաստացի պատկանող, Երևանում գտնվող Տիգրան Մեծի 4 հասցեի շենքը, Կ.Ուլնեցու 50/1 հասցեի տունը, Դավիթ Անհաղթի փողոցի 10/1 շենքը, Ջ.Բայրոնի ու Ղ.Փարպեցու փողոցներում գտնվող բնակարաններն ու ավտոտնակը:
Արգելադրվել են նաև Արամ Հարությունյանի բանկային հաշիվներում առկա 1 մլն 704 հազար ԱՄՆ դոլարի, 11 հազար եվրոյի և 350 մլն դրամի չափով դրամական միջոցները: Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է, որ հեռակա վարույթով դատաքննության արդյունքներով հնարավորություն կընձեռվի մեղադրական դատավճռի կայացման դեպքում հօգուտ պետության բռնագրավվել վերոհիշյալ դրամական միջոցներն ու գույքը՝ բռնագանձման ենթակա գումարի չափով:
Հիշեցնենք` ըստ գործի նյութերի՝ Արամ Հարությունյանը գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք է ստացել իր ընկերություններին հանքարդյունաբերական գործունեություն իրականացնելու 10 լիցենզիա տրամադրելու համար, նաև չարաշահել է լիազորությունները, և «Ջրաձոր» ՀԷԿ-ին ամենօրյա ջրօգտագործման թույլտվություն (պատկանում է «Անի» ՍՊԸ-ին) է տրվել։
Գործի նախաքննությամբ բացահայտվել էր, որ կոռուպցիոն բնույթի չարաշահումներում ներգրավված են եղել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը:
Թափանիվը սկսել է աշխատել. դատախազը` ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին
Արամ Հարությունյանի և նրան օժանդակած մյուս երկու մեղադրյալների՝ Սուրեն Ավագյանի ու Գագիկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հեռակա վարույթի շրջանակում Արամ Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գույքն օրինականացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։
Ըստ ՀՀ հակակոռուպիցոն կոմիտեի` նա մտերիմ անձանց օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ապա օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն ԱՄՆ դոլարը, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Հավելենք, որ Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2019-ի հունվարին։
ՀՀ–ում ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել ավելի քան 20 նախկին պաշտոնյայի հանդեպ